ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Կինոփառատոնը ոչ միայն տոն է, այլև աշխատանք, որը պետք է տա արդյունք»

«Կինոփառատոնը ոչ միայն տոն է, այլև աշխատանք,  որը պետք է տա արդյունք»
11.07.2014 | 13:31

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«ՆԵՐԴՐՈՒՄ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»


-Տիկին Սուսաննա, 11-րդ «Ոսկե ծիրանը», անդավաճան մնալով տարիների իր ավանդույթին, փառատոնի շրջանակներում ներկայացնելու է «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը և «Հայ-թուրքական կինոպլատֆորմ» նախագիծը: Երկու դեպքում էլ Դուք եք աշխատանքների պատասխանատուն: Պատմեք, խնդրեմ, թե ինչ է նախատեսվում այս տարի:
-Երկուսն էլ մշտապես գործող, զարգացող ծրագրեր են: «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն իրեն արդեն հաստատել է` որպես «Ոսկե ծիրանի» հիմնական բաղադրիչ: Ժամանակակից յուրաքանչյուր փառատոն իր կարևորությունն ու կշիռը ձեռք է բերում ոչ միայն լավ ֆիլմեր բերելով ու ներկայացնելով, նշանավոր հյուրեր ընդունելով, այլև նրանով, թե ինչ ներդրում է ունենում կինոարտադրության զարգացման գործում: Խոսքը ոչ միայն ազգային կինոյին է վերաբերում, այլև ողջ տարածաշրջանին: Կինոփառատոնը ոչ միայն տոն է, այլև աշխատանք, որը պետք է տա արդյունք: Կինոն այնպիսի երևույթ է, որը մեծ ներդրում է պահանջում: Նույնիսկ հարուստ երկրները չեն կարող իրենց թույլ տալ միայն մեկ երկրի ֆինանսավորմամբ ֆիլմ նկարել: Ներկայում ամենուր և ամեն կերպ փորձ է արվում խթանել համատեղ արտադրության սկզբունքը: Այդ ձևաչափը ենթադրում է, որ մի քանի երկիր, մի քանի պրոդյուսեր ներդնում են իրենց ֆինանսներն ընդհանուր գործի մեջ և անում մեկ ֆիլմ: Եթե այդպես են վարվում հարուստ երկրներում, առավել ևս այդպես պետք է լինի մեր տարածաշրջանում, որում ընդգրկված երկրները աղքատ բյուջե ունեն և չեն կարող սեփական ուժերով որևէ արժեքավոր գործ ստեղծել: Սա է ժամանակակից կինոյի կենսակերպը, և այն կիրառելու հմտությունը պետք է յուրացնի ամեն մի երիտասարդ ու ոչ երիտասարդ կինոգործիչ, այլապես անհնար է գոյատևել այսօր կինոյում: «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումի նպատակն է այս հարցը լուծել մեր տարածաշրջանում: Նախագծերը, մտահղացումները, որ ծնվում են Հայաստանում, ներկայացվում են պրոդյուսերներին, ապա կապ է ստեղծվում հետաքրքիր նախագծերի հեղինակների և պրոդյուսերների միջև, ու սկսվում է ֆիլմի նկարահանումը:
-Ո՞ր երկրներն են ընդգրկված այս ֆորումում: Ադրբեջանը կա՞ դրանց թվում:
-Ադրբեջանի լինելը ենթադրվում է, բայց ադրբեջանցիները պարզապես չկան: Տարիներ շարունակ մենք անում ենք այս նախագիծը, բայց նրանք չեն արձագանքում մեր աշխատանքներին: Այս տարի` հուլիսի 15-17-ին, մենք ունենալու ենք 8-րդ ֆորումը: Վերջին երեք տարում այն իրականացվում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Իսկ այդ շրջանակներում ներառված է վեց երկիր` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ՈՒկրաինա, Բելառուս, Մոլդովա: Երեք տարի է, որ ֆորումը նպատակ է դրել իր առջև այս երկրների երիտասարդ կինոգործիչներին կապել Եվրոպայի նշանավոր կինոարտադրողների հետ: «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումն այժմ ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այն դարձել է յոթ ուղղություն ներառող Եվրամիության մեծ ծրագրի մեկ մասը: Այս տարի ավարտվում է Եվրամիության ֆինանսավորման ժամկետը, որ սկսվել էր 2011 թվականին, և մենք առայժմ չենք պատկերացնում, թե ինչպես ենք հետագայում կազմակերպելու մեր աշխատանքը: Բայց այսօրվա դրությամբ գրանցել ենք լավ ցուցանիշներ: Կարգը հետևյալն է. լավագույն նախագծերն ընտրվում են, ապա պաշտպանվում միջազգային ժյուրիի առջև, ստանում են դրամաշնորհ` նախագիծը զարգացնելու համար: Դա արվեստագետին մեծ կինո ճանապարհելու ուղին է, ծախսատար և աշխատատար ուղին: Մեր նախագծերից մեկը` ուկրաինական «Ցեղ» ֆիլմը, այս տարի ներկայացվել է Կաննում և ստացել երեք մրցանակ: Այս տարի ֆիլմը կլինի «Ոսկե ծիրանի» մրցութային հիմնական ծրագրում: Անցյալ տարվա մեր ձեռքբերումներից էր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը, որը նույնպես կյանքի է կոչվել «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի շրջանակներում: Վերջին տարիների կինոդեբյուտների կեսից ավելին այս ֆորումի արդյունք է: Թվարկեմ մի քանիսը. Արմինե Անդա` «Ժաննան և ձայները», Արամ Շահբազյան` «Moskvich», my love», Նիկա Շեկ` «Երկու աշխարհներից ի հիշատակ»: Այս տարի «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի շրջանակներում մենք ստացել ենք 23 հայտ, որից ընտրվել են 14-ը: Դրանցից վեցը հայկական նախագիծ են: Շատ ուրախ ենք, որ ունենք արդեն մրցունակ հայկական նախագծեր: Նախորդ տարիներին ընտրությունը շատ դժվար էր, և մենք միշտ վերապահումներով էինք ընտրում նախագծերը: Վերջին տարիներին արդեն կարողանում ենք խիստ, օբյեկտիվ ընտրություն կատարել: «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումը ներառում է «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագիրը, որը ներկայացվում է թե՛ «Ոսկե ծիրանի», թե՛ մեր գործընկեր կինոփառատոների շրջանակներում: Այս տարի ևս կիրականացվի այդ ծրագիրը, այն կմեկնարկի ուկրաինական «Եղբայրներ» ֆիլմի ցուցադրումով: Հետաքրքիր մի ֆիլմ, որն ինչ-որ կերպ առնչվում է փարաջանովյան թեմային: Բանն այն է, որ ֆիլմը նկարահանվել է այն վայրերում, որտեղ Փարաջանովը նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերները»: Մեզ համար ոչ պակաս կարևոր է ֆիլմը նաև այն պատճառով, որ դրա պրոդյուսերը` Իգոր Սավիչենկոն, «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի մասնակից է: Ֆիլմի ռեժիսորն է Վիկտորյա Տրոֆիմենկոն: Մենք այս ծրագրերի միջոցով կարողացել ենք ստեղծել մեզ համար հոգեհարազատ ռեժիսորների, պրոդյուսերների մի խումբ, և նրանց ֆիլմերն անպայման ընդգրկվում են «Ոսկե ծիրանի» փառատոնային ցուցադրություններում:

«ԲԱՆԱՁԵՎ ԱՄԲՈՂՋ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»


-«Հայ-թուրքական կինոպլատֆորմը», լինելով կինոնախագիծ, ունի կարևորագույն ենթատեքստ: Սա մի փորձ է մշակույթի միջոցով փոխըմբռնման եզրեր գտնելու երկու հարևան ժողովուրդների միջև: Ինչպիսի՞ դրսևորումներ կունենա նախագիծը 11-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում:
-Մենք շարունակում ենք համատեղ արտադրության ֆիլմերի ուղղությամբ աշխատել: Դա շատ արդյունավետ աշխատանք է: «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումը շեշտը դնում է լիամետրաժ խաղարկային ֆիլմերի վրա: Իսկ «Հայ-թուրքական կինոպլատֆորմը» ներառում է կարճամետրաժ կամ վավերագրական ֆիլմեր: Այս նախագծի շրջանակներում տարվա մեջ երկու անգամ անցկացնում ենք աշխատանքային ժողովներ` անփոփոխ աշխատակարգով: ՈՒնենում ենք սցենարներ, գաղափարներ, որոնք որոշակի հետաքրքրության են արժանացել որևէ լուրջ պրոդյուսերի կամ ֆորումի կողմից, և փորձում ենք լավագույններին աջակցել: Ֆինանսներ ենք հայթայթում տարբեր ֆոնդերից` մեր թուրք գործընկերոջ` «Անադոլու կուլտուրի» հետ համատեղ: Այս պլանում էլ, իսկապես, ունենք հաջողություններ: Ամենաակնառուն անցյալ տարվա «Ոսկե ծիրանին» ներկայացված Լուսին Դինքի ֆիլմն էր` «Սարոյան լենդը»: Այս տարի ունենալու ենք երկու ֆիլմ, մեկը թրքուհի ռեժիսոր Դևրիմ Աքքայայի «Դիար» վավերագրական ֆիլմն է, որում ռեժիսորը պատմում է իր ընտանիքի պատմությունը, իր հայ պապի պատմությունը: Այդ ընտանիքում ինչ-որ առեղծված կա` կապված ընտանիքի պապի հետ, և այն փորձում է բացահայտել ռեժիսորը: Այսպիսի պատմությունները բազմաթիվ են թուրքական ընտանիքներում, և «Հայ-թուրքական կինոպլատֆորմի» շնորհիվ դրանք բարձրաձայնվում են, դառնում ֆիլմի թեմա: Այս ֆիլմի միջոցով, փաստագրական ժանրում կատարվող կինոհետազոտության ճանապարհով Դևրիմ Աքքայան փորձում է հասնել իր ընտանիքի արմատներին: Արդյունքում` իր համար շատ անձնական ու հետաքրքիր, մեզ համար շատ նշանակալի մի պատմություն է ստացվել: Պատմություն, որի կենտրոնում քրդական ընտանիքում մեծացած հայ տղան է, որը միշտ հարգված, պատվարժան մարդ է եղել, բայց նրա երեխաները որոշակի բարդույթներ են ունեցել` նրա հետ կապված: Պատճառը նրա հայ լինելն է: Եվ հիմա այդ ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը` թոռը, բացում է գաղտնիքը, հայտարարում իր պապի հայ լինելու մասին: Սա վկայում է, որ սերնդեսերունդ փոխվում է մտածելակերպը, բարդույթները հաղթահարվում են: Եվ սա ոչ միայն մեկ ընտանիքի պատմություն է, այլև մեկն է հազարավորներից: Սա ասես բանաձև է ամբողջ թուրքական հասարակության համար: Հենց այսպիսի ֆիլմերն են փաստում, որ «Հայ-թուրքական կինոպլատֆորմը» հայանպաստ ծրագիր է: Այն ոչ թե ուղղակի քաղաքական նպատակներ է հետապնդում, այլ փորձում է օգնել երկու ժողովուրդներին հաղթահարելու շատ ծանր, շատ բարդ, մինչև այսօր իր լուծումը չգտած խնդիրներ: Մարդկային, մշակութային շփման մակարդակում այս նախագիծը գուցե այն հողն է նախապատրաստում, որի վրա մեկ սերունդ հետո կձևավորվի նոր որակ, և խնդիրները նորովի կընկալվեն նաև քաղաքական մակարդակում: Մյուս ֆիլմը, որ ստեղծվել է այս համագործակցության շրջանակներում, կոչվում է «Զիազան», որը հնչյունափոխված «ծիածան» բառն է: Քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող կարճ մի պատմություն է սա չորսամյա հայ աղջկա մասին: Աղջկա համար նրա քեռին միշտ հատուկ շոկոլադի կրեմ է բերում Թուրքիայից, աղջիկը խոստանում է, որ հաջորդ անգամ այդ կրեմը կհյուրասիրի իր բոլոր ընկերներին: Բայց քաղաքական պատճառներով փակվում են ճանապարհները, և աղջիկն ինքն է որոշում գնալ Թուրքիա ու բերել ընկերներին խոստացած շոկոլադի կրեմը: Ֆիլմի գործողությունները կատարվում են Հայաստանում, հայ դերասաններ և տեխնիկական անձնակազմ է զբաղված ֆիլմում: Միակ թուրք ներկայացուցիչը Դերիա Դուրմասն է, որը ֆիլմի ռեժիսորն է, սցենարիստը, պրոդյուսերը` միաժամանակ: Հովանավորել է ֆիլմը «Ոսկե ծիրանի» զարգացման հիմնադրամը: Սա միևնույն հրապարակում միասին աշխատելու լավագույն փորձն է: Ֆիլմի հաջողության գրավականը չորսամյա աղջկա` Էմմիի կերպարն է: Ֆիլմն արդեն ընդգրկվել է մի քանի միջազգային փառատոների մրցութային ծրագրերում, ցուցադրվել է Կաննում և ստացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, ունի նաև այլ մրցանակներ: Ըստ մեր ունեցած վերջին լուրերի` այն ընտրվել է իբրև բացման ֆիլմ` Ճապոնիայի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի համար: Օգոստոս ամսին է կայանալու այդ խոշոր փառատոնը, հրավիրված է ոչ միայն ֆիլմի ռեժիսորը, այլև չորսամյա Էմմին` ծնողների հետ: Այսինքն, ֆիլմն արդեն միջազգային լայն ասպարեզ է դուրս եկել:

«ԱԶԴԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԵՎ ՓՈԽԵԼ ԱՅԴ ՎԻՃԱԿԸ»


-Այս տարվա նորույթներից է «Սոցիալական փոփոխությունների կինո» նախագիծը, որը «Ոսկե ծիրանի» և «Culture.pl»-ի համագործակցության արդյունքում է ծնունդ առել: Ի՞նչ է ենթադրվում այս դաշտում:
-«Ոսկե ծիրանը», որպես կայացած մշակութային ձեռնարկ, փորձում է ընդլայնել իր կապերը, իր շփումները: Հիմա «Ոսկե ծիրանը» այն մակարդակին է հասել, որ ոչ միայն ինքն է փնտրում կապեր, այլև իրեն են փնտրում: Այս տարի մենք ստացել ենք համատեղ ծրագրի առաջարկ Ադամ Միցկևիչի ինստիտուտից: Ծրագիրը ներառում է սոցիալական թեմայով նկարված վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Դրանցից երկուսը հայկական են` Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» և Արամ Երիցյանի «Բաց երկնքի տակ» ֆիլմերը, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես ծանր սոցիալական պայմաններում հայտնված մարդիկ, կորցրած դրսից սպասվող ամեն տեսակի օգնություն, վճռում են սեփական ուժերով տնօրինել իրենց ճակատագիրը, ազդել հասարակության ընդհանուր վիճակի վրա և փոխել այդ վիճակը: Այս ծրագրի կոորդինատորներն անվանի լեհեր են` Լեհաստանի հակակոմունիստական դիմադրության առաջատար գործիչ Ադամ Միխնիկը և Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Ծրագրում ընդգրկված ֆիլմերի ցուցադրությանը հաջորդելու են քննարկումներ: Սա ևս մեկ անգամ հաստատում է այն ճշմարտությունը, որ մենք փորձում ենք ամեն անգամ մի նոր ծրագիր ներառել մեր փառատոնի շրջանակներում, նոր մարդկանց ներգրավել համագործակցության մեջ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ